Ճամբար՝ «Կապան՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակում

«Կապան՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026» ծրագրի շրջանակում Concept Events-ը կազմակերպեց բազմաբովանդակ միջոցառումներ՝ միավորելով երիտասարդներին կրթության, նորարարության, մշակույթի, բնապահպանության և միջազգային համագործակցության շուրջ։

Ծրագրի շրջանակում անցկացվեցին «Ապագա առաջնորդներ․ երիտասարդություն, նորարարություն, մշակութային ժառանգություն» ֆորումը, «Տարբեր միջավայրեր․ ընդհանուր ձգտումներ» պանելային քննարկումը, ինչպես նաև ՕՍՄ գաղափարների մրցույթի ամփոփումն ու հաղթողների մրցանակաբաշխությունը։ Այս նախաձեռնությունները երիտասարդներին հնարավորություն տվեցին ներկայացնելու իրենց գաղափարները, փոխանակելու փորձը և քննարկելու ապագայի հնարավորությունները։

Կրթական ծրագրի կարևոր բաղադրիչներից էին մեդիագրագիտության և արհեստական բանականության թեմաներով դասընթացները։ Սամվել Մարտիրոսյանի՝ «CyberHub» կազմակերպության համահիմնադրի, և Գևորգ Պողոսյանի՝ «ReArmenia» հիմնադրամի տնօրենի մասնակցությամբ երիտասարդները ձեռք բերեցին նոր գիտելիքներ և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հմտություններ։

Երիտասարդության միջազգային օրվա առիթով Կապանում կազմակերպվեց նաև պլոգինգ՝ համատեղելով վազքն ու շրջակա միջավայրի մաքրությունը։ Երիտասարդները մասնակցեցին բնապահպանական նախաձեռնությանը՝ իրենց ներդրումն ունենալով ավելի մաքուր և բարեկարգ քաղաքի ձևավորման գործում։

Ծրագիրը ներառում էր նաև մշակութային և ճանաչողական այցելություններ դեպի Խուստուփ, Զանգեզուրի կենսոլորտային համալիր և Տաթև, ինչպես նաև ցուցահանդեսներ, ստեղծագործական միջոցառումներ և տոնական գալա համերգ։

«Կապան՝ ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք 2026»-ը դարձավ գիտելիքի, նոր գաղափարների, մշակութային բացահայտումների և երիտասարդական համագործակցության հարթակ՝ ստեղծելով հիշարժան փորձառություններ և նոր հնարավորություններ երիտասարդների համար։